Հունիսի 17-ին Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյսում տեղի ունեցավ բացառիկ միջոցառում: Ուղիղ 100 տարի անց վերակերտվեց հայ արվեստագետի անդրդվելի կամքը ցուցադրող և մեր հայրենիքն ու պատմությունը վեր հանող իրողությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարության, Սարյանի տուն-թանգարանի, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի և Ազգային պատկերասրահի աջակցությամբ Fastex-ի AKNEYE նախագիծն իրականացրեց հիանալի միջոցառում, որի ընթացքում ներկաները պատմեցին, թե ինչպես մեկ դար առաջ Մարտիրոս Սարյանի ջանքերով Հայաստանն մասնակցեց Վենետիկի 14-րդ բիենալեին՝ ցուցադրելով հայ 6 նկարչի 20 ստեղծագործություն: Օլգա Պևզները «վերստեղծեց» հայկական պատը, և նկարները թվային տարբերակով ցուցադրվեցին սրահում՝ նոր շունչ հաղորդելով արվեստի գործերին:
Ելույթ ունեցան ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը, «ՍԱՐԵՐ» մշակութային ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Էռնա Ռևազովան, Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը և այլք: Ներկա էին Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, հյուրեր հյուպատոսարանից և բիենալեի կազմակերպչական թիմից:
Fastex-ի գլխավոր գործադիր տնօրեն Վախթանգ Ամբրահամյանն անդրադարձավ ընկերության՝ հայ արվեստը և մշակույթը մշտապես կարևորելու և տարատեսակ նախագծերով դրանց աջակցելու պատրաստակամությանը:
«Ֆասթեքսը, լինելով տեխնոլոգիական ընկերություն, փորձում է, ըստ էության, համատեղել տեխնոլոգիան և արվեստը: Ուրախ ենք, որ իրականացրինք այս նախագիծը՝ մեր մեծերից մեկի՝ Սարյանի արվեստը ներկայացնելով նորովի՝ թվային տեսքով»:
Ելույթներին հետևեց այդ ամենի մասին վկայող «Սարյանն ու Վենետիկը» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որի ամբողջական տարբերակը հնարավոր է տեսնել այս հղումով՝ https://youtu.be/imJnEJ4pmlQ:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։